Մեկնաբանությունը
Ալլահը իր գիրքը սկսել է «բիսմիլլահ» արտահայտությամբ, հետևաբար մուսուլմանները նույնպես պետք է իրենց խոսքերը և արարքները սկսեն հենց այդ արտահայտությամբ: Մուհամմադը իր հադիսներից մեկում ասել է. «Ոչ մի գործ հարթ չի ընթանա, եթե չսկսվի «բիսմիլլահ» արտահայտությամբ»:
2. Փառք Ալլահին՝ աշխարհների տիրակալին
Ալլահն արժանի է ամեն տեսակի գովեստի աշխարհի, յուրաքանչյուր կենդանի էակի արարման համար՝ օժտելով նրանց կյանքով:
3. Բարեգութ և մեծահոգի (Ալլահին)
Նա բարեգութ է բոլորի նկատմամբ՝ և՛ քաֆիրների, և՛ մուսուլմանների, և՛ հավատացյալների, և՛ անհավատների: Այս որակները արաբերենում արտահայտված են մեկ անունով՝ «ռահման»: Այն կիրառվում է միայն Ալլահին մատնանշելիս:
Իսկ արաբերեն «ռահիմ» բառը, որը դարձյալ արտահայտում է Ալլահի միևնույն որակները, կիրառվում է միայն մատնանշելով մուսուլմաններին, ում հանդեպ Ահեղ դատաստանի օրը Ալլահը մեծահոգություն կդրսևորի:
4. Ահեղ դատաստանի արքային
«Յաում ադ-Դինի»՝ ահեղ դատաստանի օրը Ալլահի ծառաներին կրկին կվերադարձնեն կյանքը և կներկայացնեն իրենց կատարածների հաշվետվությունը: Լավը կպարգևատրվի, իսկ վատը կպատժվի: Կարդալով այս սուրան՝ ուղղահավատը խոստանում է հիշել Ահեղ դատաստանի օրվա մասին, երբ հարցնողը կլինի հենց Ալլահը և որպեսզի ամոթ չզգա վերջինիս առջև՝ պատրաստվում է այդ օրվան:
5. Քեզ ենք մենք երկրպագում և քեզ ենք դիմում (օգնության խնդրանքով)
Այս այաթի տակ հիմնականում հասկացվում է աղոթքի իրականացումը՝ օրական 5 անգամ, պահքը, Ղուրանի ընթերցումը և այլ ծեսերի կատարումը: Այո, դա Ալլահին ծառայելն է, բայց միևնույն ժամանակ Ալլահին հաճո ցանկացած գործ դարձյալ նրան ծառայելն է: Այսպիսով, Ալլահի ցուցումները կատարող մարդը մշտապես աստվածային ծառայություն է կատարվում, այսինքն գտնվում է աղոթքի վիճակում՝ Աստծո հետ շփման մեջ: Ալլահը կարգադրում է միայն ազնիվ ուղով հոգալ ապրուստը, այսինքն նրանք, ովքեր իրենց հանապազորյա հացը վաստակում են ազնիվ ուղով, ծառայում են Աստծուն: Բնականաբար ընդունելով սեփական ազնիվ գործերը որպես ծառայություն Աստծուն՝ չպետք է մոռանալ ծառայելու մյուս տարրերի մասին, ինչպես օրինակ աղոթքը և պահքը: Այսպիսով, «իյյաքա նա’բուդու» նշանակում է «կանենք այն, ինչ կկարգադրես»: Այսպիսով, սա մի մեծ խոստում է, որը տրվում է Աստծուն:
«Իյյաքա նասթա’ին»-ի իմաստն է՝ «Միայն Աստծուց ենք օգնություն խնդրում»: Սովորաբար Աստծուց և մարդկանցից օգնություն են խնդրում ծայրահեղ դեպքերում. երբ ուժերը չեն հերիքում սկսած գործը ավարտին հասցնելու համար: Ոչինչ չձեռնարկելով և ալարելով չարժե օգնություն խնդրել: Ինչպես տեսնում ենք, երկու դեպքում էլ Աստծուն դիմումը արված է հոգնակի թվով: Իսլամում սա համընդհանուր լինելու, կոլեկտիվիզմի արտահայտությունն է:
6. Ցու՛յց տուր մեզ ճշմարիտ ուղին
«Ահդա» բայը, որն այստեղ օգտագործվել է հրամայական ձևով, նշանակում է «տանել ճշմարիտ ուղով»: Ըստ աստվածաբանների կարծիքի՝ գոյություն ունի «ճիշտ ուղու վրա դնելու» մի քանի մակարդակ:
1. Բնածին բնազդները, օրինակ նորածինը կարող է ծծել մոր կուրծքը, փակել աչքերը վտանգի դեպքում, լաց լինել սով զգալու դեպքում, և ոչ մեկը նրան չի սովորեցրել դա:
2. Զգայարանների ընդունակությունները՝ հոտառությունը, լսողությունը, տեսողությունը. սրանց միջոցով նույնպես կարելի է որոշակի ուղի գտնել, սակայն դրանք բավարար չեն և կարող են հասցնել միայն որոշակի սահմանների:
3. Բանականությունը, որի միջոցով մարդը ուղղում է զգայարանների կողմից թույլ տրված սխալները. օրինակ, ջրային մակերեսի վրա հնարավոր է տեսնել որևէ առարկայի շեղված արտացոլումը. դա աչքերի ինֆորմացիան է, իսկ բանականությունը հուշում է, որ դա արտացոլում է և իրականում առարկան ունի իր ճիշտ ձևը:
Հիվանդ մարդուն համեղ ուտեստը կարող է անհամ թվալ, սակայն դարձյալ բանականությունը կհուշի, որ դա հիվանդության հետևանք է, և իրականում կերակուրը համեղ է: Այստեղ էլ ծառանում է հետևյալ հարցը. «Փաստորեն, բանականության միջոցով հնարավոր է ճանաչել ամեն ինչ, այն կարող է կանգնեցնել ճիշտ ուղու վրա»: Շատերը կպատասխանեն «Այո՛»: Սակայն մուսուլմանները կասեն. «Նույնիսկ բանականությունը ունակ չէ ամբողջությամբ տանել դեպի ճշմարիտ ուղի: Նայեք աշխարհին. բոլոր նրանք, ովքեր օգտագործում են բանականությունը, գնում են տարբեր ուղիներով, և յուրաքանչյուրն իր ուղին է ճշմարիտ համարում: Կա մեկը, ով որոշում է կայացնում նաև բանականության վրա: Եվ սա ճշմարիտ ուղու վրա դնելու չորրորդ և ամենաբարձր աստիճանն է:
4. Աստվածային ցուցումները: Ալլահը, արարելով մարդուն, գիտի դեպի բարեկեցություն տանող ուղին երկնքում և երկրի վրա: Այդ պատճառով կրոնական ցուցումներ ուղարկելով իր ծառաներին՝ ճիշտ ուղու վրա է դնում նրանց: Նրա ցուցումներից վերջինն իսլամն է:
7. (Ցու՛յց տուր այն (ուղին)) նրանց, ում դու շնորհել ես (բարեկեցություն), ում վրա չես զայրացել, այլ ոչ թե մոլորյալներին:
«Բարօրության, բարեկեցության» են հասնում մարգարեները, ուղղահավատները, «շահիդները»՝ Իսլամի համար արյուն թափած և բարեպաշտ մուսուլմանները: «Զայրույթի» տակ են հուդայականները:
Հուդայականները ենթարկվեցին Ալլահի զայրույթին շատ պատճառներով, այդ թվում մարգարեներին սպանելու, Ալլահի առջև տված խոստումները չկատարելու համար: Բայց ամենակարևորը նրանք չհետևեցին նրան, ինչ գիտեին: Ալլահը նրանց գիտելիք շնորհեց, սակայն նրանք չօգտագործեցին դա, այսինքն չհետևեցին նրա կողմից ցույց տված ուղուն: Հետևաբար, չպետք է կրկնել հուդայականների կողմից թույլ տրված սխալները:
Մուսուլմանները գտնում են, որ «Մոլորյալները» քրիստոնյաներն են: Քրիստոնյաները «մոլորյալ» են համարվում մի քանի պատճառով: Դրանցից հիմնականն այն է, որ սեփական նպատակներին հասնելու համար նրանք ընտրեցին իրենց ուղին, այլ ոչ թե այն, որ Ալլահն է ցույց տվել, այսինքն մեղավոր զգալով Հիսուս մարգարեի առջև և նրան հաճո լինելու համար նրանք իրենց ձևով էին աղոթում և ծեսերը կատարում: Սա համարվում է դարձյալ սխալ ուղի: Այսպիսով, այաթի իմաստը կայանում է սրանում. «Օ՛ Ալլահ, տար մեզ մարգարեների և բարեպաշտների ուղով, այլ ոչ թե հուդայականների և քրիստոնյաների:
Այս սուրայի այաթները թեև կարճ են, սակայն խորը իմաստ են պարունակում: Այդ պատճառով այս սուրան անվանում են նաև «Ումմ ալ-Կուրան»՝ Ղուրանի մայր: Այս սուրան գովեստ է Ալլահին, նրա արժանիքների շարադրումն է: Այս սուրան խոնարհում է Ալլահի առջև, հավատքն է նրան, ներման խնդրանք է, ապագայի նկատմամբ հույս: Աղոթք, որը հաստատում է ճշմարիտ ուղին և հեռու է պահում սխալից: Այդ պատճառով այս սուրան կարգադրված է ասել նամազի ժամանակ և բազմիցս կրկնել այն՝ իմաստը ըմբռնելու, ապա և մտորելու համար: