Tags: Սուննա

Սուննա

Սուննան (հգն.` սունան, արաբ.` سنن - سنة) արաբերենից թարգմանաբար նշանակում է միջոց, ճանապարհ, մի բանին հետևելը: Սուննա են անվանում Մուհամմադի խոսքերը, արարքները, չարտահայտած հավանությունն ու բարոյական հատկանիշները, որոնք հայտնի են ականատեսների զանազան փոխանցումների միջոցով: Սուննան ունի երեք տեսակ.

  1.        Կաուլ (قول). Մուհամմադի տարբեր արտահայտություններն են, որոնք մեջբերվում են հադիսներում:
  2.        Ֆի’լ  (فعل). Մուհամմադի կողմից կատարված տարբեր արարքներն են: Այս արարքները բոլոր մուսուլմանների համար հանդիսանում են պատվիրաններ:
  3.        Թակրիր (تقرير). Մուհամմադի անխոս հավանությունն է իր զինակիցների արարքներին և խոսքերին, որոնց ականատեսն է եղել նա: Այսինքն` եթե նա լուռ համաձայնել է ինչ-որ բանի և հանդես չի եկել դրա դեմ, ապա դա նշանակում է թույլտվություն տվյալ գործողության համար:

       Սուննան Ղուրանից հետո համարվում է իսլամական հավատքի երկրորդ սկզբնաղբյուրը, որի դրույթներին հետևելը հանդիսանում է յուրաքանչյուր մուսուլմանի պարտականությունը: Մուհամմադի Սուննային հետևելու անհրաժեշտության մասին խոսվում է Ղուրանի մի շարք այաթներում. «Ալլահի առաքյալը լավ օրինակ էր ձեզ համար. նրանց համար, ովքեր ձգտում են դեպի Ալլահը, Դատաստանի օրվան և շատ են հիշատակում Ալլահին» (Ղուրան, 33:21): «Ո՜վ դուք, ովքեր անվերապահ հավատացել եք, հնազանդվե՛ք Ալլահին, հնազանդվե՛ք առաքյալին և ձեր շարքերում իշխանություն ունեցողներին: Իսկ եթե վիճաբանում եք մի բանի համար, ե՛տ դարձեք դրանով հանդերձ Ալլահի և առաքյալի մոտ, եթե դուք հավատում եք Ալլահին և Դատաստանի օրվան: Դա արդյունքում ամենալավն ու ամենահիանալին է» (4:59): «Ով հնազանդվում է առաքյալին, նա հնազանդվում է Ալլահին» (Ղուրան, 4:80): «Վերցրե՛ք այն, ինչ ձեզ տվել է առաքյալը և խուսափե՛ք նրանից, ինչ նա արգելել է ձեզ» (Ղուրան, 59:7): «Ես (Մուհամմադ) ձեզ թողնում եմ երկու բան: Քանի դեռ դուք կհետևեք այդ երկուսին, չեք մոլորվի ճշմարիտ ուղղուց: Դրանք են Ալլահի գիրքը և իմ Սուննան» [Մալիք իբն Անաս, Մուվատտա, «Կադար» 3 (2, 899)]: «Խորհուրդ եմ տալիս ձեզ Ալլահի հանդեպ լինել բարեպաշտ: Եթե նույնիսկ ձեզ իշխի Եթովպիայից ինչ-որ ստրուկ, եղե՛ք նրան հնազանդ: Նրանք, ովքեր կենդանի կմնան ինձանից հետո, ականատես կլինեն բազմաթիվ տարաձայնությունների:  Ես հիշեցնում եմ ձեզ իմ սուննայի և ուղղափառ խալիֆների սուննայի մասին, ովքեր ճիշտ ուղղու վրա են: Հետևե՛ք նրանց ... Զգուշավորությու՛ն ցուցաբերեք նորամուծությունների հանդեպ: Քանի որ այն ամենը, ինչը ի հայտ է եկել իմ Սուննայից հետո և հակասում է նրան, հանդիսանում է բիդ’ա (նորամուծություն, արաբ.` بدع - بدعة): Բիդ’ան մոլորություն է, խեղաթյուրում» [Թիրմիզի «Իսլամ» 16 (2678); Աբու Դաուդ «Սուննա» 6 (4607):

       Սուննան իսլամում ունի բացառիկ նշանակություն: Ինչ վերաբերում է Ղուրանի այաթներին, ապա այն ունի հետևյալ գործառույթները.

  1.        Կրկնում է Ղուրանի այաթների ցուցումները, հաստատում և ամրապնդում է դրանք: Օրինակ` Ղուրանում ասվում է. «Ո՜վ դուք, ովքեր անվերապահ հավատացել եք, ձեռք մի՛ բերեք մեկդ մյուսի ունեցվածքը անարդար ճանապարհով, այլ միայն առևտրի ճանապարհով` հիմնված ձեր փոխադարձ համաձայնության վրա» (4:29): Այս այաթի իմաստը ամբողջությամբ հաստատում է Ահմադ իբն Հանբալի  «Մուսնադի» հետևյալ հադիսը (حديث) (V, 72). «Մուսուլմանի համար անթույլատրելի է մեկ այլ մարդու ունեցվածքը, եթե այն ձեռք է բերված առանց վերջինիս համաձայնության»:
  2.       Մեկնաբանում է այաթները և պարզաբանում է նրանց որոշ իմաստները: Օրինակ` Ղուրանում հաճախ է խոսվում աղոթք կատարելու կամ պահք պահելու անհրաժեշտության մասին: Այն մասին, թե ինչպես է անհրաժեշտ աղոթք կատարել կամ պահք պահել, մանրամասն խոսվում է Սուննայում: Օրինակ` այաթներից մեկում ասվում է. «Նրանք, ովքեր անվերապահ հավատացել են և չեն պարուրել իրենց հավատն անարդարությամբ, անվտագության մեջ են և ճշմարիտ ճանապարհի վրա» (6:82): Սրա հետ կապված Մուհամմադն ասել է. «“Անարդարություն” բառը վերաբերում է լոկ բազմաստվածությանը: Մի՞թե չեք լսել, թե ինչ է ասել Լուկմանը. «Բազմաստվածությունը մեծագույն անարդարություն է»»:
  3.        Կարող է արգելել Ղուրանի որոշ իրավական ցուցումներ: Օրինակ` Ղուրանւոմ ասվում է. «Երբ ինչ-որ մեկի մոտ հայտնվի մահը և նա թողնի [իրենից հետո] ունեցվածք, ապա ըստ ավանդույթի՝ պատվիրված է կտակել [այն] ծնողներին և մերձավոր հարազատներին» (2:180): Իսկ Սուննայում ասվում է. «Ժառանգի համար չկա կտակ»  [Բուխարի (Վասայա, 6), Աբու Դաուդ (Վասայա, 6)]:
  4.        Կարող է նախատեսել որոշ իրավաբանական գործողություններ, որոնց մասին Ղուրանում չի խոսվում: Օրինակ, Ղուրանուոմ ասվում է. «Ասա՛: Նրանում, ինչը բացահայտ է ինձ, ես արելված չեմ համարում սնվողի համար այն, ինչով նա սնվում է, բացառությամբ եթե դա լինի գիշակեր կամ հեղված արյուն կամ խոզի միս, քանի որ դա պիղծ է կամ անմաքուր, որը չի մորթվել Ալլահին ուղղված կանչով ...» (6: 145): Սակայն Սուննան արգելում է նաև մթերքի մի շարք տեսակներ, որոնք հիշատակված չեն վերոնշյալ այաթում. «Արգելված է օգտագործել ժանիքներ ունեցող բոլոր գիշատիչ կենդանիներին և ճիրաններ ունեցող ցանկացած թռչուն» (Բուխարի և Մուսլիմ): Բացի այդ հադիսներում խոսվում է գիշերային աղոթքի (վիթր, արաբ.` وتر) կատարման անհրաժեշտության, տղամարդկանց` ոսկե զարդեր և մետաքսե հագուստ կրելու արգելքի մասին, ինչը Ղուրանում չի հանդիպում:

     
Սուննայի կառուցվածքը



Աղբյուրներ՝ Ислам: Энциклопедический словарь

                      Հովհաննիսյան Ն. - Արաբական երկրների պատմություն, հատոր 


Թարգմանեցին՝
Լ. Արզաքանցյանը և Գ. Հակոբյանը